ՀՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել է հաղթող «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթում Տաջիկստանի մայրաքաղաքում
Սեպտեմբերի 10-ից 16-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվեց Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա դպրոցը, որի աշխատանքներին մասնակցեցին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը (թիմի ավագ) և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ Աննա Բայրամյանը: Գիտական նստաշրջանի նիստերին հաջողությամբ ներկայացվեցին հետևյալ զեկուցումները.
• «Սեյսմիկ պաշպանությունը՝ որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ», զեկուցող Հրաչյա Պետրոսյան;
• «Արարատյան սեյսմիկ փորձադաշտում տեկտոնամագնիսական անոմալիաների ուսումնասիրությունների արդյունքները», զեկուցող Աննա Բայրամյան:
Մեր մասնագետները մասնակցեցին հարց ու պատասխաններին, քննարկումներին, բանավեճերին, ամրապնդեցին արդեն եղած կապերը ու ստեղծեցին նորերը՝ համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության երկու ներկայացուցիչները՝ Հ.Պետրոսյանը և Ա.Բայրամյանը կազմեցին Արարատ թիմը և մասնակցեցին ավանդական Գեովիկտորինա մասնագիտական մրցույթին: Վերջինիս մասնակցեց 8 թիմ, որոնք կազմված էին ԱՊՀ երկրների առաջատար սեյսմոլոգիական կառույցների լավագույն գիտնականներից: Մրցույթն անցավ 3 փուլով և տևեց անընդմեջ մոտ 3 ժամ: Համառ պայքարում Հայաստանը ներկայացնող միակ թիմը` Արարատը ճանաչվեց հաղթող: