Երևանի բենզալցակայաններում ստուգումներ են իրականացվել
Հունվարի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:
Նշված ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 121 դեպքի: Մ. Ղազարյանը նշել է նաև, որ ծառայության մարզային ստորաբաժանումները ներկայացնում են 2016 թ.-ի կատարված աշխատանքների ամփոփումը, արդեն 4 մարզում անցկացվել են հաշվետու նիստեր և այս շաբաթ նույնպես կշարունակվեն զեկույցները:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցել է, որ 4 օրվա ընթացքում Երևան քաղաքի 58 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում թերությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Կազմված արձանագրությունների վերաբերյալ փետրվարի 1-ից կմեկնարկեն քննարկումներ, որոնց ընթացքում արդեն կորոշվի, թե ինչ վարչարարություն կիրականացվի:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվել են նաև մարզերում ճանապարհների անցանելիության և երեք մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքների մասին:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը հորդորել է ՓԾ տնօրենին խստագույնս հետևել մարզերում փրկարար ծառայության գործունեությանը՝ մասնավորապես հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության հենակետերի աշխատանքներին:

