ՃՈ տեսուչն իր ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել իրեն դիտողություն անող անցորդին
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի եւ մի խումբ անձանց կողմից Երեւանի բնակիչ Արման Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ծեծկռտուք հրահրած եւ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած չորս անձանց, այդ թվում ոստիկան Անդրանիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ պարզվել է, որ 09.08.2016թ.-ին Երեւանի Ջրաշեն 1-ին փողոցով կնոջ հետ զբոսնող Ա. Սաղաթելյանը փորձել է կանգնեցնել նույն փողոցում խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Անդրանիկ Գալստյանը:
Վերջինս կանգնեցրել է ավտոմեքենան, սակայն ուղեւոր Հայկ Հովհաննիսյանի, ինչպես նաեւ նույն վայրում գտնվող իր մտերիմներ Արտյոմ Հայրապետյանի, Արմեն Հայրապետյանի եւ ինքնությունը դեռեւս չպարզված այլ անձանց հետ, արագությունը գերազանցելու համար իրեն դիտողություն անող Ա. Սաղաթելյանին հայհոյանքներ է տվել եւ ծեծի ենթարկել` դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Ծեծկռտուքի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսպիսով, քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու, դիտավորությամբ հասարակական կարգը կոպտորեն խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար «Ճանապարհային ոստիկանության» տեսուչ Անդրանիկ Գալստյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արմեն Հայրապետյանին եւ Արտյոմ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

