Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և ՀՀ հրատարակիչների ասոցիացիան 2017 թվականի փետրվարի 17-21-ը կազմակերպում են Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը:
Պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում: Տոնավաճառը և առնչվող միջոցառումները կիրականացվեն գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:
Ցուցահանդես-տոնավաճառը կներկայացնի հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակությունները, հատկապես` մանկապատանեկան ոլորտի գրականությունը: Հնգօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, մուլտֆիլմերի դիտումներ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություն և այլ ծրագրեր:

