Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան
Փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն:
Նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը կքննարկեն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով՝ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

