Որսորդի մանրագնդակը դիպել է դպրոցի տնօրենի ճակատին
Թափառող շների որս իրականացնող որսորդի մանրագնդակը դիպել է Շիրակի մարզի Ազատան Համայնքի դպրոցի տնօրենին` Համլետ Ոսկանյանին: Այս մասին այսօր` փետրվարի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:
«Թափառող շները մեզ մոտ շատ են ու ստիպված որսում ենք, որ մեր երեխաներին չվնասեն: Դասերի սկսվելուց առաջ որսորդը որսը սկսել է, եւ դրա ժամանակ կրակած գնդակներից մեկը դիպել է մեր տնօրենին` Համլետին, բայց ընդամենը մի փոքր քերծվածք է ստացել ճակատի մասում»,-ասաց նա:
Գյուղապետի խոսքով` տնօրենը առաջին բուժօգնություն է ստացել հիվանդանոցում ու գնացել տուն:
Նա նշեց, որ բազմիցս դիմել են ոստիկանություն, պատկան մարմինների, սակայն թափառող շների հարցը այդպես էլ չի լուծվել:

