ԱԺ-ում ուսանողները մասնակցել են «Բաց դասի», որը վարել է Գալուստ Սահակյանը
Փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետևել են քառօրյա նիստերի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դասի», որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպումն անցել է հիմնականում հարցուպատասխանի ձևաչափով: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:
Հարցերը հիմնականում վերաբերել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, խորհրդարանական կառավարման մոդելի առավելություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ՀՀ արտաքին պարտքի մարման հեռանկարին:
«Բաց դասի» ավարտին խորհրդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:

