«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությանը․ Աննա Գրիգորյան
«Հայաստան» դաշինքը վաղը՝ օգոստոսի 7–ին, առավոտյան կլինի ԱԺ-ում, հետո կգնա Էջմիածին, որտեղ ընթանալու է Ամենայն Հայոց կաթողիկոսի ու վեց Սրբազան հայրերի գործով առաջին դատական նիստը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6–ին, NEWS.am–ին հայտնեց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ վաղն Ազգային ժողովում չենք լինելու, լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց. «Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում, ժամը՝ 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն՝ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ»,-նշել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:

