Ոչ, չի շնորհավորել։ Չի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի շնորհավորանքի մասին
«Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը ստացվեց, քանի որ երկար խոսեցինք»,-ՔՊ-ի գրասենյակի դիմաց ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցին։
Նրա խոսքով՝ մի շարք հարցերի շուրջ եկել են ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու։
«ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհի մասին և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանը այլընտրանքներ չունենա։
Հայաստանը միշտ և բոլոր հարցերում պետք է այլընտրանքներ ունենա։ Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,-հայտնեց Փաշինյանը։
Անդրադառնալով արտահանման խնդիրներին՝ նա նշեց, որ դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է.«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահը շնորհավորել է իրեն՝ Փաշինյանն ասաց. «Ոչ չի շնորհավորել։ Չի ուզել չի շնորհավորել... Բայց այդտեղ հարց կա, թե ինքն ում հետ էր խոսում»։
Նա ասաց, որ քննարկումներ և շփումներ անպայման կունենան։

