Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին
Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մեկնարկին։
«Վերջին տարիներին մեր շփումներն ամենաբարձր, քաղաքական և խորհրդարանական մակարդակներում զարգացել են կայուն և շատ ինտենսիվ կերպով։ Մենք հետաքրքրված ենք դրանով։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը։ Մենք տեսնում ենք, թե որքան մարտահրավերային է իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք համոզված ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով համաձայնեցված հիմքերը մնում են արդիական», - ասաց Լավրովը։
Նրա խոսքով, Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերը կանոնավոր շփման մեջ են այն որոշումների շրջանակում, որոնք կայացվել են , որոնք ընդունվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ղեկավարների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա։
«Ինչ վերաբերում է ԵՄ գործընկերներին, նրանք մշտապես տվյալ երկրին ընտրության առաջ են կանգնեցնում՝ «կամ մեզ հետ եք, կամ նրանց»։ Դա նրանց տրամաբանությունն է, որն արդեն 20 տարի կիրառվում է հետխորհրդային երկրների տարածքում»,-ասել է Լավրովը։
Նա նշել է, որ իրենց համար տարօրինակ է պարբերաբար լսել հայտարարություններ այն մասին, որ հյուսիսից Հայաստանի դեմ պատրաստվում են որոշ միֆային հարձակումներ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սպառնալիքի մասին։
«Այս առումով ես կնշեի նաև մեր ընդհանուր պատմությունը կասկածի տակ դնելու փորձերը։ Ձեզ մոտ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման արշավն է սկսում։ Կարող եմ Ձեզ վստահեցնել, երբ արտասահմանից ազդանշաններ են լսվում, որ ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել՝ հստակ ակնարկելով Ռուսաստանի Դաշնությանը, և երբ Երևանից ԵՄ-ին կոչեր են արվում «օգնեք մեզ կանխել նման միջամտությունը», սա մեզ տարօրինակ է թվում։ Եվ ես կասկած չունեմ, որ Երևանի պատասխանատու քաղաքական գործիչները լիովին գիտակցում են, որ այս մոտեցումները ձեռնարկվում են բացահայտ սադրիչ մտադրություններով։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանն ունի իր սեփական ինքնիշխան ընտրությունը», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Նա միաժամանկ նշել է, որ ԵՄ անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։
«Մոսկվան մնում է ձեր հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Մենք դրան վերաբերվում ենք պատասխանատու կերպով և հանձնառու ենք ընդլայնել այս համագործակցությունը, խթանել խոշոր ենթակառուցվածքային նախագծերն ու նախաձեռնությունները՝ հիմնվելով առկա փորձի վրա և արտացոլելով Հայաստանի տնտեսական կառուցվածքները», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Աղբյուրը` Panorama.am

