Մեկ օրում չորս մարդու կյանք խլшծ շնչավորը անմեղսունակ է ճանաչվել․ «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը, որն արդեն 15 տարի որսորդմիության անդամ է և վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել և կարող է խուսափել պատասխանատվությունից։
Ուշագրավ է, որ անմեղսունակ ճանաչված անձը 15 տարի որսորդմիության անդամ է, երկու տարի առաջ ձեռք է բերել հրացան, ունի նաև վարորդական իրավունք, թե ինչպես է անձը հաղթահարել հոգեբանական համապատասխան թեստերը՝ զենք գնելիս կամ վարորդական իրավունք ձեռք բերելիս՝ պարզ չէ, համենայն դեպս, դրանք հարցեր են, որոնց պատասխանն այժմ չկա, ինչը կասկածների տեղիք է տալիս։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, հետո էլ սպանել է մյուս զգույգին։ Ընդ որում՝ չարագործի զոհերից մեկը բնակվում է արտերկրում եւ վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էին բնության գրկու հանգստի։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանություններից հետո չարագործը գնացել էր քեռու տուն, որտեղ էլ պատմել էր իր «հերոսությունների» մասին։ Ավելին՝ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ ցուցակ է եղել, որոնց սույն անձը նպատակադրված է եղել սպանել։ ՔԿ-ից ավելի վաղ ասել էին, որ ցուցակի հետ կապված չունեն մեկնաբանություն։
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ 60-ամյա տղամարդը ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է ավտոմեքենայում: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը):

