Մենք հարցում ենք ուղարկել Ռուսաստան. Գոռ Աբրահամյանը՝ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին
Պաշտոնական փաստաթուղթը, որի հիմքով դադարեցված է հետախուզումը, ես չունեմ իմ ձեռքի տակ, դրա մասին ինձ Ռուբեն Հայրապետյանն է ասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հիմքով է դադարեցվել Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը։
Փաստաբանը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելը տրամաբանական է համարում, քանի որ նրա խոսքով՝ Հայրապետյանի գտնվելու վայրը ի սկզբանե հայտնի է եղել թե՛ Հայաստանի իրավապահներին, թե՛ Ռուսաստանի։
«Այս անձը երբևէ չի թաքնվում, կոնկրետ գտնվելու վայրը պարզ է, ու այդ պայմաններում ի՞նչ հետախուզման մասին կարող է խոսք լինել։ Հետախուզում են այն մարդուն, ում գտնվելու վայրը պարզ չի, կամ էլ թաքնվում է քննությունից։ Կա Մոսկվա քաղաքի կոնկրետ հասցե, որտեղ բնակվում է Ռուբեն Հայրապետյանը, ո՞րն է տրամաբանությունը այդ պայմաններում հետախուզման մեջ մնալը»,- ընդգծեց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ ռուս իրավապահ մարմինները այդ անհեթեթ իրավիճակին վերջ են դրել։
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ խոսքը Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից Ռուսաստանի տարածքում՝ Հայաստանի իրավասու մարմինների հայտարարած միջպետական հետախուզումը դադարեցնելու հնարավորության մասին է միայն։ Հայաստանի իրավապահներըտեղյակ չեն հետախուզումը դադարեցնելու հիմքերի մասին։
«Դրա համար մենք հարցում ենք ուղարկել, սպասում ենք պատասխանին, ենթադրում եմ, որ պատասխանը ստանալուց հետո կորոշակիանա ինչպես հայտարարված հետախուզումը դադարեցնելու իսկության, այնպես էլ դրա հիմքերի վերաբերյալ։ Մենք պատշաճ ձևով այդ մասին հանրությանը կտեղեկացնենք»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

