ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին բերման ենթարկելու ցանկություն չի եղել. Ոստիկանություն
Երեկ Tert.am-ը փաստաբան Միհրան Պողոսյանից տեղեկացել էր, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, ըստ նրա`գործողությունը եղել է ապօրինի։
«Ապօրինի կերպով ոստիկանները կանգնեցրել են Էդգար Ղազարյանի մեքենան և ցանկանում են նրան բերման ենթարկել։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ «Բարգավաճ Հայաստանը» Սահմանադրության փոփոխությունները վիճարկող դիմում է մուտք արել ՍԴ, իսկ իշխանությունն անցել է գործողությունների»,- ասել էր նա:
Ավելի ուշ փաստաբանը տեղեկացրել էր, որ Ղազարյանին բերման չեն ենթարկել:
Այսօր Tert.am-ը զրուցեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ պարզելու, թե ինչն է եղել բերման ենթարկել ցանկանալու պատճառը և ինչու հետո բերման չի ենթարկվել: Վերջինս պատասխանեց. «Նրան բերման ենթարկելու ցանկություն չի եղել: Ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է նրան, երթևեկության և տրանսպորտային միջոցի հետ կապված ստուգումներ իրականացրել»:

