Դոն Պիպոն դատի է տալու Արման Բաբաջանյանին
Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանը պատրաստվում է դատի տալ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Պատճառը վերջինիս պատկանող 1in.am կայքում եւ նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութի բովանդակությունն է։
Նրա ներկայացուցիչ Գեղամ Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակված նյութն ամբողջությամբ իր մեջ պարունակում է ե՛ւ վիրավորանք, ե՛ւ զրպարտանք․ «Իմ տեղեկություններով՝ նյութն իր անձնական ֆեյսբուքյան էջում է եղել, բայց իր էջից ջնջվել է եւ տեղադրվել է լրատվականում։ Դեռեւս իմ կողմից չի եղել պահանջ հերքելու կա ջնջելու նյութը, սակայն, եթե չկատարեն պահանջը, կդիմենք դատարան»։
Պաշտպանը նշեց, որ խոսքը գնում է «Դոն Պիպոն հաղթում է հեղափոխությանը» վերտառությամբ հոդվածի մասին․ « «Հեղափոխությունը բռնել է պարտության ճամփան, որովհետև ռեկետի, արյունոտ պատմությունների մեջ բռնված Արթուր Ասատրյանը չի կարող հեղափոխությունից հետո հարուցված խայտառակ քրեական գործով անպարտ ու անմեղ ճանաչվել»․ եւ ոչ միայն այս արտահայտության մասին է խոսքը․․․ Արթուր Ասատրյանը ռեկետի մեջ չի բռնվել։ Մարդը, որն ընդհանրապես տեղյակ չէ քրեական գործից, նյութերից, ակնհայտ զրպարտական եւ վիրավորական հրապարակումներ է կատարում, կարծում եմ՝ այլ ենթատեքստ ունի։ Առաջարկում ենք՝ հրապարակային ներողություն խնդրել կամ նյութը հեռացնել, այսինքն՝ հերքեն, եթե նման վարքագիծ չդրսեւորվի, դիմելու ենք դատարան, որովհետեւ ակնհայտ առկա են եւ զրպարտության, եւ վիրավորանքի հիմքերը»։
Նա նաեւ նշեց, որ պահանջի հարցը կքննարկվի հայցը քննարկելիս։

