Առափի համայնքը կունենա ջրահեռացման համակարգ. ԱԻՆ
Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ մարտի 14-ին, դրամաշնորհային համաձայնագիր է կնքվել, որը վերաբերում է Առափի գյուղում ջրահեռացման համակարգի կառուցմանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Շիրակի մարզի Առափի համայնքի գյուղապետ Ալբերտ Այվազյանը եւ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող «Գրաս Ռուդ» ծրագրի շրջանակում ստորագրեցին Առափի գյուղում ջրահեռացման համակարգի կառուցման դրամաշնորհային պայմանագիրը:
Ըստ պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից Շիրակի մարզի ակտիվ սողանքային գոտում գտնվող Առափի համայնքին տրամադրվում է դրամաշնորհ գյուղում ջրահեռացման համակարգ կառուցելու նպատակով: Համակարգը թույլ կտա հեռացնել գրունտային ջրերը՝ չեզոքացնելով սողանքի առաջացման վտանգը: Նախկինում ՀՀ ԱԻՆ-ի կողմից գյուղում իրականացվել են սողանքների կայունացման աշխատանքներ:
Նշենք« որ «Գրաս Ռուդ» ծրագրին զուգահեռ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Ճապոնիայի կառավարությունն իրականացրել են «Սողանքային աղետի կառավարման՚ ծրագիրը» որի շրջանակներում իրականացվել է հանրապետության տարածքում առկա սողանքային ակտիվ գոտիների ուսումնասիրություն եւ գույքագրում:

