Օլիգարխների էրեխեքը 1 ամիս ծառայեն, գնան իրենց տնե՞րը․ Ռուստամ Գասպարյանը՝ Հայկ Սարգսյանի սկանդալային օրինագծի մասին
Ազգային ժողովի սկանդալային պատգամավորներից Հայկ Սարգսյանն աղմկահարույց մի օրենք է գրել, որով առաջարկում է զինվորական ծառայություն՝ արագացված ընթացակարգով: Ըստ Հայկ Սարգսյանի բերած օրենքի՝ եթե չես ուզում ծառայել, ապա կարող ես պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել ու գնալ «քո գործերով»։
ԵԿՄ վարչության մարզային ներկայացուցիչ, զինվորական Ռուստամ Գասպարյանը, ինչպես «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, բացասական վերաբերմունք ունի օրինագծի վերաբերյալ․ «Դա խաղաղ պայմաններում հնարավոր է, կարելի է՝ բյուջեն հարստացնելու, բայց այսօր մենք զինվորի կարիք ունենք։ Սահմաններ ունենք, որ այսօր զինվորները չեն հերիքում, բաց տարածքներ ունենք։ Էսօր նման ճոխություն տալ, օլիգարխների էրեխեքը 1 ամիս ծառայեն, գնան իրենց տնե՞րը։ Ես սխալ եմ համարում։ Ով հնարավորություն ունի, փաստորեն 1 ամիս ծառայի, ո՞վ ա պահելու սահմանները»։
Գասպարյանի խոսքով՝ դա ընդունելի կլինի մի դեպքում, եթե պայմանագրային զինծառայողների թվի աճ լինի․ «Եթե հնարավորություն ունեն անցնելու պայմանագրային ծառայության ծառայողներից, դա ուրիշ խնդիր, պայմանագրայիններով փակել տարածքները, բյուջեն հարստացնեն օլիգարխների էրեխեքով։ Եթե պայմանագրային զինծառայության չեն անցնում, ուրեմն ես բացասական գնահատական եմ տալիս դրան, որովհետեւ մենք զինվորի կարիք ունենք, դեռ պատերազմական իրավիճակում ա երկիրը, զինվորներին կրճատել, դա անընդունելի ա»։

