Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հնդկաստանում, Չինաստանում և Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը մարտի 7-ին հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում Հայաստանի
արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի, Չինաստանում Հայաստանի
արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի և Մոլդովայում Հայաստանի
արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանի հետ։
Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման
ընթացքում քննարկվել են Հնդկաստանից Իրանի և Հայաստանի տարածքով դեպի
Եվրոպա և Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելուն առնչվող մի շարք
հարցեր:
Վահան Մարտիրոսյանը ընդգծել է, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´
ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ
բեռնափոխադրումներ իրականացնելու։ Նախարարությունը պատրաստակամ է աջակցել և
օժանդակել այն ընկերություններին, որոնք կիրականացնեն այդ գործընթացը:
Չինաստանի հետ համագործակցությունն առավելապես կառուցված է
ճանապարհաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ
հանդիպման ընթացքում քննարկվել են ՏՏ ոլորտում երկու երկրների միջև
հեռանկարային գործունեության շրջանակներն ու ծրագրերը, դրանց իրագործման
հնարավորությունները։
Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանի հետ
հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հիմնականում բեռնափոխադրումների
ոլորտին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

