Մեկնարկում է Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը
Մեկնարկում է Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը: Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն, այսօր՝ մարտի 7-ին, ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը՝ ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ-ի եւ ՄԱԶԾ-ի համագործակցությունը «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարում» ծրագրի շուրջ, մասնավորապես՝ Նուբարաշենի գերեզմանոցում թաղված թունաքիմիկատների ոչնչացմանն ուղղված միջոցառումների իրականացման նախագիծը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ԱԻՆ ենթակայության եւ գործառնական կառավարման ներքո գտնվող վտանգավոր քիմիական թափոնների կառավարման Կոտայքի ազգային կենտրոնի կառուցումը եւ շահագործումը: Այն ծառայելու է որպես վտանգավոր քիմիական թափոնների կառավարման/պահեստավորման արդիական միջազգային չափանիշներին համապատասխան ապահով միջանկյալ պահոց/կենտրոն:
Պահեստային շինության կառուցումը հնարավորություն կտա նաեւ իրականացնել ներկայումս չգործող եւ վերահսկողությունից դուրս գտնվող օբյեկտներում մնացած վտանգավոր քիմիական նյութերի հետագա անվտանգ պահպանության խնդիրը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ-ի եւ ՄԱԶԾ-ի միջեւ Մտադրությունների մասին հուշագրի ստորագրաման նախագծի կազմումը:

