Պատրաստ ենք համագործակցել ՀԱԿ-ի հետ. ՀՀԿ
Հանրապետականները մեծ հակասություն չեն տեսնում իրենց նախընտրական կարգախոսում տեղ գտած «անվտանգության» եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատկերացրած «խաղաղության» միջեւ։
Ինչպես նշում է Ա1+-ը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է. « Եթե չկա խաղաղություն, չի կարող լինել անվտանգություն: Մնացած բոլորը դրանց ածանցյալներն են՝ առաջընթացը, զարգացումը, ժողովրդավարությունը: Դրանք հաջորդելու են մեր անվտանգությանը եւ խաղաղությանը»:
Ադրբեջանի հետ հարաբերություններին նույնպես դեմ չէ Հանրապետականը՝ միայն Արցախի ինքնորոշման խնդիրը կարգավորելուց հետո: Սակայն առայժմ կուսակցությունը շարժվելու է իր կարգախոսով՝ անվտանգություն եւ առաջընթաց. «Իսկ եթե ՀԱԿ-ը ցանկանա որ մեզ հետ նույնպես այդ կարգախոսով շարժվել, մենք պատրաստ ենք համագործակցել»:
Դաշնակցությունը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի մեջ տեսնում է պարտվողականություն՝ Ադրբեջանը մտադիր չէ գնալ զիջումների: Այդ պայմաններում ինչպես է ՀԱԿ-ը մտադիր հասնել խաղաղության։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշում է. «Դե դրա հեշտ ձեւը հանձնվելն է, եթե պատերազմը դադարելու արագ լուծման ձեւ ենք որոնում, հեշտը հանձնվելն է: Եկեք հանձնվենք, ասենք Ադրբեջանն էս ա ուզում, որպեսզի բավարարենք նրա քմահաճույքները»:
Արմեն Ռուստամյանի տպավորությամբ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նա պետք է դիմի Ադրբեջանի ղեկավարին եւ կոչ անի, որ Իլհամ Ալիեւը ճանաչի Արցախի անկախությունը: Միայն դրանից հետո նա պետք է խոսի փոխզիջումներից. «Հիմա եթե էդպիսի հայտարարություն կատարի, խնդիր չկա, կդառնա էն տեսակետը, որը պաշտպանում ենք մենք»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

