ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ նախկին առավելությունները, որոնց վրա երկար ժամանակ կառուցվել էր ԵՄ տնտեսական մոդելը, այդ թվում՝ ներմուծվող էժան էներգիան, այլևս գոյություն չունեն։ rbc.ru-ի հաղորդմամբ, նա այս հայտարարությունն արել է Փարիզում կայացած բիզնես ֆորումում ելույթի ժամանակ։
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կորցրել է իր վստահությունը, և որտեղ խաղի կանոնները փոխվում են», - ասել է նա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով, եվրոպական տնտեսական մոդելը երկար ժամանակ հենվել է մի քանի գործոնների վրա՝ ներմուծվող էժան էներգիա, բաց համաշխարհային առևտուր, չինական շուկային մուտքի ընդլայնում, ԱՄՆ-ից ռազմավարական պաշտպանություն և Արևմուտքի տեխնոլոգիական առաջատարություն։
«Այս բոլոր ակնհայտ առավելություններն այժմ անհետացել են», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ Եվրամիությունը պետք է հարմարեցնի իր տնտեսությունը նոր պայմաններին և ամրապնդի եվրոպական բիզնեսի մրցունակությունը։
Նա խնդիրների հրատապ լուծումը կարճաժամկետ հեռանկարում տեսնում է ձեռնարկատերերի՝ ներդրումներ կատարելու ազատության վերականգնման և երկարաժամկետ հեռանկարում՝ նորարարությունը, արտադրողականությունը և մասշտաբային ընդլայնումը եվրոպական տնտեսական աճի կայուն շարժիչ ուժեր դարձնելու մեջ։
Եվրահանձնաժողովի նախագահը թվարկել է եվրոպական տնտեսությանը վերականգնելու իր բաղադրատոմսերը. առաջին ուղղությունը կանոնակարգերի պարզեցումն է և մրցակցության համար հավասար պայմանների վերականգնումը: Նպատակն է մինչև 2029 թվականը վարչական բեռը կրճատել 25%-ով բոլոր բիզնեսների և 35%-ով՝ փոքր և միջին բիզնեսների համար:
Երկրորդ ուղղությունը ԵՄ երկրների տնտեսությունների ֆինանսավորումն է: Նա կարծում է, որ շատ նախագծեր կյանքի չեն կոչվում, քանի որ սկզբնական ներդրումային քայլը չափազանց ռիսկային է, պահանջարկը՝ չափազանց անորոշ, կամ կապիտալը՝ չափազանց թանկ: Բնականաբար, ըստ նրա, այս ջանքերը չեն կարող ֆինանսավորվել միայն պետական բյուջեներից:
«Սակայն Եվրոպան ունի խնայողություններ։ Դժբախտաբար, այդ խնայողությունները «ծույլ» են։ Տնային տնտեսությունների 10 տրիլիոն եվրոյի խնայողությունները դեռևս պահվում են բանկային ավանդներում, և եվրոպական խնայողությունների զգալի մասը ներդրվում է մեր մայրցամաքից դուրս։ Եվրոպան այժմ պետք է դրանք օգտագործի իր բիզնեսների համար», - կարծում է ֆոն դեր Լեյենը։
Նա ԵՄ տնտեսության ամրապնդման այլ ոլորտներ էլ է նշել, ինչպիսիք են ԵՄ միասնական շուկայի համապարփակ զարգացումը և ամրապնդումը, ավելի էժան էներգիան, արհեստական բանականության ներդրումը որպես «արտադրողականության հզոր լծակ» և միջազգային գործընկերների հետ ազատ առևտրի մասշտաբի մեծացումը։

