ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան
«Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ հրահանգի իրագործում է։ Չեմ կարծում՝ Հայաստանում կա մեկ քաղաքացի, անգամ ՔՊ-ականները, որ այլ ձև կարող են մեկնաբանել։ Սա է իրականությունը»,- լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստնե Վարդանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն Կոմիտե տեղափոխելուն։
Նա վստահ է, որ Լևոն Քոչարյանը իր քաղաքական գնահատականները տալուց պատրաստ էր այդ ամենին։
Լևոն Քոչարյանը նախօրեին ԱԺ նիստում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը, ասել էր. «Եթե երկրի վարչապետը ասում է՝ այս ինչը պետք է նստի, այս ինչը պետք է ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չի, սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը, այն ամեն ինչին, ինչի համար դուք պայքարել ու եկել եք։ Բա պոզով-պոչո՞վ է այս պատվերը լինում, ափաշքյարա, օրը ցերեկով այս ամեն ինչը արվում է անընդհատ։
Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդը մեզնից ուզում է այս, ես հավատում եմ, բայց նաև դա ինչի՞ է այդպես, որովհետև տարիներով եղած վատի վրա այնքան մեծ դոզա սուտ եք ավելացրել, բայց ձեզնից էլ պահանջում են, իսկ մեզնից գիտե՞ք ինչ են պահանջում։ Մեզ էլ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած, այդ պիղծ դավաճանը ինչի՞ է մինչև հիմա կարողանում լինել այդտեղ»։
Փաշինյանն արձագանքել է. «Դուք ուզում եք ասեք, որ դուք պետք է ՀՀ–ում շարունակեք մնաք միլիոնատե՞ր, դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներին, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ կներեք, ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Ոնց ուզում եք, մեկնաբանեք, և դա ինձ համար քաղաքական խնդիր է, ոչ թե անձնական։
Իմ խնդիրը այն չի, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է, իմ խնդիրը այն է, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է մեր ժողովրդի հաշվին։ Դուք պիտի հատիկ-հատիկ ամեն ինչը պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և այո դա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն է և պարտավորությունն է, որ ես ստանձնել եմ ժողովրդի առաջ»։

