Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ
ՏԱՍՍ-ը գրում է. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով իրավիճակը Telegram-ի «Յունաշև Live» ալիքին։
«Խնդիրը նրանում չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ոչ, այլ նրանում, որ պետք է պահպանվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Բնականաբար, մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմի մոտ կան որոշակի խնդիրներ, և, համապատասխանաբար, այդ հարցերի շուրջ երկխոսություն է ընթանում»,- ասել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ վերջերս ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էր Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բանջարեղենի և մրգերի հետ կապված խնդիրները։
«Խոսքը այն մասին չէ, որ դրանք անորակ են, այլ այն, որ դրանցում առկա են վնասատուներ և հիվանդություններ»,- պարզաբանել է Օվերչուկը։

