Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք
Civilnet-ի անդրադարձը
--
Անազատության մեջ գտնվելու 41-րդ օրը՝ օգոստոսի 19-ին, կլանավորված ընդդիմադիր գործիչ Արեգնազ Մանուկյանին վերջապես թույլատրվեց տեսակցել 14-ամյա դստեր հետ՝ նրա ծննդյան օրը։ Մի շարք իրավապաշտպաններ տևական արգելքն ու մոր և երեխայի կապի խզումը գնահատում են որպես իրավունքների կոպիտ խախտում։ Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ, սակայն, կա՛մ չեմ արձագանքում, կա՛մ նշում են, որ այդ գործը իրենց տիրույթում չէ։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը համարում է, որ Արեգնազ Մանուկյանի կապը ընտանիքի հետ խզելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտում է։ Կոնվենցիան երաշխավորում է անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության հարգման իրավունքը։
«Տեսակցությունների և հեռախոսային կապի արգելքը հնարավոր է դիտարկել որպես չհիմնավորված և պետության կողմից մարդու իրավունքները որոշակիորեն խախտող որոշում, քանի որ պետությունը չի կարող բավարար հիմնավորել, թե երեխայի և մոր կապը ինչպես կարող էր խոչընդոտել նախաքննությանը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ տեսակցությունը երեխայի ծննդյան օրով թույլատրելը և դա որպես «նվեր» ներկայացնելը մարդասիրական չէ։ «Այդ ամենը որպես մեծահոգություն ներկայացնելը, մեղմ ասած, մարդասիրական չէ, քանի որ խախտումն արդեն իսկ թույլ է տրված, և դա երեխայի վրա որոշակի տրավմատիկ ազդեցություն է ունեցել»,- նշեց Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ մորից երկարատև բաժանումն ու սոցիալական մեկուսացումը երեխայի վրա տրավմատիկ ազդեցություն են թողել։
«Երեխայի մոտ կարող են առաջանալ հոգեբանական ընկճվածություն և վարքային խնդիրներ, որոնք կարող են ազդել նրա ողջ կյանքի ընթացքում»,- ասաց նա։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ չի հետևել կոնկրետ այս գործին, սակայն Հայաստանում կալանքի կիրառումն ընդհանուր առմամբ խնդրահարույց է համարում
«Կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից կապ չունի՝ կին է, թե տղամարդ, խնդիրը դա չէ. սեռական պատկանելությունը պետք է դիտարկվի ընդամենը գործոններից մեկը»,- ասաց Սաքունցը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման պրակտիկան ընդհանուր առմամբ մտահոգիչ է։ «Եվ ամեն մի դեպքում պետք է հիմնավորված լինի, թե արդյոք խափանման մնացած միջոցները բավարար չէին կոնկրետ քրեական գործի պայմաններում», - հայտնեց իրավապաշտպամը։
Կանանց հարցերով կազմակերպությունների արձագանքը
«Դու մենակ չես» ՀԿ-ի նախագահ Նաիրա Հարությունյանը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ նշելով, որ տեղյակ չէ գործի մասին: «Ես տեղյակ չեմ ու չեմ պատրաստվում ինչ-որ բան ասել. ես ձեզ չեմ ճանաչում, ես չգիտեմ իմ դիտարկումները դուք ոնց կներկայացնեք»,- ասաց Նաիրա Հարությունյանը։
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ նախագահ Կարինե Դավթյանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը չի զբաղվում այս խնդրով, քանի որ այն իրենց ոլորտի հարցը չէ։ «Արեգնազ Մանուկյանի դեպքը կանանց իրավունքների դաշտում չէ»,- ասաց նա։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայից» ասացին, որ չեն կարող արձագանքել այդ գործին, քանի որ այն դուրս է իրենց մասնագիտացման ոլորտից։
«Սոսե» կանանց հիմնահարցերի ՀԿ-ի նախագահ Լիանա Սահակյանը զբաղվածության պատճառով չցանկացավ խոսել թեմայի մասին։ «Հիմա օնլայն հանդիպման եմ, ներողություն եմ խնդրում։ Վաղը զանգեք, հիմա հարմար չէ», - ասաց նա։ Հաջորդ օրը Սահակյանը չպատասխանեց մեր զանգերին։
Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Նախաքննությունն այսօր ավարտվել է։
…
Արեգնազ Մանուկյանը ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության անդամ է և նախկին պատգամավոր, որն արդեն 41 օր է կանանց համար նախատեսված «Աբովյան» քրեակատարողական հիմնակում է։ Նա մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Մանուկյանն մեղադրանքը չի ընդունումԼ Մի շարք ընդդիմադիր գործիչներ նրան համարում են քաղբանտարկյալ և նրա նկատմամբ կիրառված կալանքն ու հարազատների հետ շփման արգելքները որակում հոգեբանական ճնշում ու քաղաքական պատվեր։ Նա ունի 14-ամյա անչափահաս դուստր։ Նրա խնամքին են նաև իր հետ համատեղ բնակվող ամուսնու տարեց ծնողները և իր մայրը։

