«Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու Կադաստրի կոմիտեի պետական գրանցումը:
Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևան, Կենտրոն, Ալեք Մանուկյան փողոց 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը:
Փաստինֆո-ի հաղորդմամբ, նախնական դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։
Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Կենտրոնի տնօրեն Արման Փիրոյանը ի պատասխան Ավինյանի մեկ այլ հայտարարության, ըստ որի «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով, քաղաքապետարանին մեղադրել էր կենտրոնի ողջ շարժական գույքն ապօրինաբար խլելու մեջ.
«Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը»։

