Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան
«Երեկ դուք մի դարակազմիկ բան եք ասել։ Ասացիք՝ դե համալսարանում(ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ թողեցինք Գրիգոր Մինասյանին, բայց հետո տեսանք, որ վերցնում են բուհը, դրա համար մենք որոշեցինք վերցնել»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ ՔՊ-ական Արայիկ Հարությունյանին դիմեց Գեղամ Մանուկյանը։
Նախօրեին, հիմնավորելով, թե ինչում է իշխող կուսակցությունը բոլոր բուհերի կառավարման խորհրդի նախագահներին իր կուսակցության ներկայացուցիչներին նշանակել՝ երբ իշխանության էր եկել բուհերը ապակուսակցականացնելու կարգախոսով՝ Հարությունյանը հայտարարեց, թե տեսել էին, որ նախկինները ուզում են վերցնել այդ հաստատությունները, դրա համար իրենք վերցրեցին։
Մանուկյանը հիշեցրեց, որ հանգուցյալ Արամ Սիմոնյանին էլ հասցրել էին սրտի կաթվածի, քանի որ ՔՊ-ն ռեկտորներ էլ էին փոխում և բազմաթիվ բուհերի ռեկտորներին այսօր փոխել և յուրայիններին են նշանակել։
«Հետո ասեցիք՝ դատավորները ոնց որ ալաբուլա են՝ եկեք դատավորներին, դատարանները վերցնենք։ Եկաք-եկաք հասաք 2026 թիվը, ասացիք՝ էս ընդդիմությունը, ոնց որ ուզում են ընտրությունները կեղծել, եկեք մենք կեղծենք, պրծնենք։ Շատ «железный» տրամաբանություն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Ձեր ասածի հետ կապված մի անեկդոտ կա. մի հարբած տղամարդու մյուսը տեսնում է, ասում՝ դու հարբած ես։ Նա էլ պատասխանում է՝ բայց դու գեշ ես։ նա ասում է՝ հարբած ես, մյուսը պատասխանում է՝ դու էլ գեշ ես։ Վրեջը հարբածն ասում է՝ ես կոյաղանամ, բայց դու այդպես գեշ էլ կմնաս։ Հիմա մենք մեր սխալներն ընդունում ենք, նույն բուհերի հետ կապված 2029 թվականին այդ հարցը վերջնականապես կլուծվի, բայց դուք նույն ձև գեշ էլ կմնաք»։
Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Ձեր 8 տարվա համար, դուք ամեն օր ասում եք՝ այո սխալվել ենք։ Արցախի հարցում՝ սխալվել եմ, էդ հարցում սխալվել եմ, էն հարցում սխալվել եմ, արտաքին հարաբերությունների հարցում սխալվել եմ, Հռչակագրի հարցում սխալվել եմ։ Էս երկիրը որբի գլուխ չէ, որ խուզելով գնաք, ասեք՝ վայ ականջի ծայրից կտրել ենք, կներեք։ Մյուս անգամ չենք կտրի, բայց հետո անցնեք մյուս ականջին։ Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք»,- ասաց Մանուկյանը և հեռացավ ամբիոնից։
Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց, թե՝ նոր են եկել, ուր գնան։
Աղբյուրը` Panorama.am

