Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար
168.am-ի անդրադարձը
Վերջին շրջանում՝ ապօրինի գույքի անվան տակ, իսկ իրականում՝ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում, կառավարությունը խլում է Գագիկ Ծառուկային պատկանող ընկերություններն ու նշանակում կառավարության կառավարիչներ։ Ովքե՞ր են այդ կառավարիչները, նույնիսկ կարևոր չէ։ Խնդիրն այն է, որ կառավարությունն անգամ իր տիրապետության տակ գտնվող պետական սեփականությունը չի կարողանում նորմալ կառավարել, ինչպե՞ս է կարողանալու կառավարել այդ գույքերը։ «Հայփոստը» դրա վառ օրինակն է։
Հավատարմագրային կառավարման ժամկետը լրանալուց հետո, 2020թ. սկսած պետական սեփականություն հանդիսացող «Հայփոստը» կառավարել են կառավարության նշանակած կառավարիչները։ Եվ ի՞նչ է տեղի ունեցել պետական ընկերության հետ՝ կառավարության կառավարման ընթացքում։ Յոթ տարում ընկերությունը շուրջ 4 մլրդ դրամի վնաս է կրել։ Ու այդ վնասը մնացել է պետության վրա։ 2024թ. կառավարությունը ստիպված է եղել պետական բյուջեի միջոցների հաշվին ընկերության կապիտալն ավելացնել 2 մլրդ դրամով՝ վնասները փակելու համար։ Սակայն դրանից հետո էլ ընկերությունը շարունակել է վնասով աշխատել։
Այն նույն տարում, երբ «Հայփոստի» կառավարիչ է նշանակվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կինը, ընկերությունը կուտակել է՝ շուրջ 1.3 մլրդ դրամի, իսկ 2025թ.՝ ավելի քան 520 մլն դրամի վնաս։ Եվ սա՝ այն պարագայում, երբ կտրուկ բարձրացրել են ծառայությունների գները, երբեմն՝ անգամներով։ Ծառայությունների գները բարձրացրել են, բայց ընկերությունն էլի վնասով է աշխատել։ Անգամ փոստի հայտնի շենքի վաճառքից 1 միլիարդից ավելի գումար ստանալուց հետո։
Սովորաբար վնասները գոյանում են այն դեպքում, երբ ծախսերը գերազանցում են եկամուտները։ Թվում է, թե այդ պայմաններում կառավարության կառավարիչը պիտի քայլեր ձեռնարկեր ընկերության ծախսերը կրճատելու համար։ Սակայն շարունակել է ամսական 10 հազար դոլարին համարժեք աշխատավարձ ստանալ։ Աշխատավարձ, որն առնվազն 10 անգամ ավելին է Հայաստանում եղած միջին աշխատավարձից։
Եվ ո՞րն է կառավարության կառավարչի այդքան բարձր աշխատավարձ ստանալու արդարացումը։ Ասում է՝ ես «Հայփոստի» վերջին 10 տարիների ամենացածր աշխատավարձ ու պարգևավճարներ ստացած տնօրենն եմ։ Եթե նախկինում «Հայփոստի» տնօրեններն ավելի բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ են ստացել, դա ոչնչով չի արդարացնում այն, որ ընկերության այսօրվա կառավարիչը 10 հազար դոլար աշխատավարձ պետք է ստանա, այն էլ, երբ ընկերության բազմաթիվ աշխատողների աշխատավարձերը նույնիսկ 100 հազար դրամի չեն հասնում։
«Հայփոստի» կառավարիչը հպարտանում է, որ իր ղեկավարման ընթացքում պետական բյուջե 1 մլրդ դրամի դիվիդենտ է վճարել։ Բայց չի ասում, որ վճարել է ոչ թե իր, այլ մասնավորին հանձնված հավատարմագրային կառավարչի աշխատած շահույթներից։
Իսկ որտե՞ղ են պետական ընկերությունում կառավարության նշանակած կառավարիչների արձանագրած շահույթները։ Շահույթներ չկան։ Ընկերությունը վնասով է աշխատել։ Այդ վնասների առաջացման պատճառներից մեկն էլ կառավարչի ու ղեկավար մյուս անձնակազմի, հայաստանյան չափանիշներով՝ սահմանված բարձր աշխատավարձերն են։
Այդ աշխատավարձերը գուցե արդարացված լինեին, եթե ընկերությունը շահույթով աշխատեր։ Բայց ինչպես տեսնում ենք, անգամ այդպիսի բարձր աշխատավարձերը երաշխիք չեն, որ պետական սեփականությունը կարող է լավ կառավարել։
Արդյունքում ստացվել է այնպես, որ մի կողմից՝ բարձր աշխատավարձեր են վճարել, իսկ մյուս կողմից՝ պետությունը բավական մեծ վնասներ է կրել։ Այդ վնասները փոխատուցելու այլ տարբերակ, քան բյուջեի եկամուտներն ու հարկատուների վճարած հարկերն են, չկա։ Եթե նույնիսկ այդ վնասները փակեն պարտքերով, միևնույն է՝ պարտքերը մնալու են պետության վրա։ Ու եթե հետագայում ընկերության ֆինանսական վիճակն անգամ կարգավորվի, դրանից պետությունը ոչ թե դիվիդենտներ է ստանալու, այլ դրանք գնալու են ընկերության պարտքերը փակելուն։
Այսպիսին է կառավարության կառավարման արդյունավետությունը։ Եվ դա միայն «Հայփոստին» չի վերաբերում։ Օրինակները բազմաթիվ են։ Չնայած դրան, վերջին շրջանում կառավարությունն ակտիվորեն խլում է մասնավորի գույքն ու դրանցում նշանակում կառավարության կառավարիչներ, որոնց հիմնական առաքելությունն այն է, որ բարձր, շատ բարձր աշխատավարձեր են ստանում այդ ընկերությունների հաշվին։
Կառավարության կառավարիչ նշանակվելը դարձել է եկամտաբեր պաշտոն ՔՊ-ականների համար։ ՀԷՑ-ը խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանից խլելուց հետո, այնտեղ կառավարության կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը, որի աշխատավարձը մինչ այդ մի քանի հարյուր հազար դրամ էր, սկսեց ստանալ ավելի քան 5 մլն դրամ՝ անգամներով ավելի շատ, քան նախկին պաշտոնում էր ստանում։
Առայժմ հայտնի չէ, թե ինչքան աշխատավարձ կստանան Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, այդ թվում՝ «Արարատցեմենտում» և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում» նշանակված կառավարության կառավարիչները, բայց կասկած չկա, որ նրանց աշխատավարձերը հասնելու են միլիոնավոր դրամների։
Մասնավորի սեփականության վրա նշանակված կառավարության կառավարչի յուղոտ պաշտոնին ոչնչով չի զիջում նաև պետական բաժնեմասով ընկերություններում կառավարության ներկայացուցչի պաշտոնը։ Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց սեփականատերերը, հավանաբար աչքի տակ ունենալով այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ, ժամանակին «ինքնակամ» կառավարությանը հանձնեցին իրենց սեփականության մի մասը։ Ու հիմա, գրեթե ոչինչ չանելու համար, կառավարության ներկայացուցիչներն այդ ընկերություններում կլորիկ գումարներ են ստանում։ Օրինակ՝ կառավարության ներկայացուցիչ նշանակված Գնել Սանոսյանի տարեկան եկամուտն անցած տարի կազմեց 56 մլն դոլար։
Նրան, բնականաբար, չեն զիջում նաև այլ ընկերություններում նշանակված կառավարության ներկայացուցիչների աշխատավարձերը։ Այլ բան, թե ինչքանո՞վ են արդարացված այդպիսի բարձր աշխատավարձերը, որոնք բաժին են հասնում մարդկանց, ովքեր ժամանակին աշխատանքից ազատվել են նաև իրենց ձախողումների պատճառով։
Աղքատության այնպիսի բարձր մակարդակ ունեցող երկրում, ինչպեսին Հայաստանն է, մեծ ճոխություն է միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձերի ու պարգևավճարների վճարումը, առավել ևս՝ պետական սեփականություն հանդիսացող ընկերություններում, որոնք վնասով են աշխատում, ու այդ վնասները փոխհատուցվում են պետության հաշվին։ Ինչքան էլ իշխանությունները փորձեն սա արդարացնել, այն արդարացում չունի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

