Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել
Գլենդելի ոստիկանությունը փոստային նամակների գողության, անձնական տվյալների յուրացման և վարկային քարտերի հետ կապված խարդախության գործի շրջանակում ձերբակալել է հինգ հայի։ Այս մասին հայտնում է Գլենդելի ոստիկանության վարչությունը։
Գլենդելի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները նրանց ձերբակալել են West Colorado Street-ի 500-րդ թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքերի համալիրում։
Քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ քննիչները ստացել են անհայտ անձանց կողմից տարբեր բնակարանների փոստարկղերից նամակներ գողանալու մասին տեղեկատվություն։ Քննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալները օգտագործում էին այլ անձանց անձնական տվյալները՝ խարդախությամբ վարկային քարտեր ձևակերպելու համար, որոնք այնուհետև ուղարկվել են նույն բնակելի համալիրի հասցեներով։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ նրանք փոստարկղերի բանալիները փոխարինել են կեղծերով դրանց չարտոնված մուտք ապահովելու համար։
Օգոստոսի 13-ին ոստիկանությունը բնակելի համալիրում խուզարկություններ է իրականացրել և ձերբակալել Գլենդեյլի հինգ բնակչի՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանին, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանին, 35-ամյա Վահան Քալաշյանին, 26-ամյա Արմեն Հարությունյանին և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանին։
Խուզարկության ժամանակ հայտնաբերված ապացույցները ուսումնասիրվում են, քննիչներն աշխատում են խարդախության ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

