Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ
«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ անդրադարձել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին եւ դիմել դատավորներին։
— Սարսափելի դաժան ժամանակներ է ապրում հայ ժողովուրդը։ Ութ տարվա ավերին եւ մահերին զուգընթաց՝ շարունակում են ընթանալ հանիրավի ձերբակալություններ, որոնք չունեն բացարձակ որեւէ հիմք, օդից վերցված, հորինված մեղադրանքներ են։ Ընդ որում՝ չեն խնայում նաեւ կանանց։
Շատ եմ ցավում, որ հայ ժողովրդի մեջ գտնվում են մարդիկ, ովքեր հլու-հնազանդ կատարում են այս չարի իշխանության հրահանգները, ինչն արդեն հայտնի իրականություն է։ Բայց ցանկանում եմ խոսքս ուղղել դատական համակարգի ներկայացուցիչնեին՝ դատում եք Արեգնազ Մանուկյանին, հորինված մեղադրանքներով, միայն այն բանի համար, որ նա հայրենասեր է։ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե դուք՝ դատավորներդ, ձեր իսկ տանը չունեք երեխաներ, մայր, մի՞թե դուք չունեք խղճի նշույլ։
Ցավում եմ, որ հայ մարդը, որը կրում է հայ ազգանուն, կորցրել է իրական հայի կերպարը, միգուցե, այնուամենայնիվ, հիշե՞ք, որ կա տարրական խիղճ հասկացողությունը։ Գոնե վախեցեք Աստծո պատժից։

