«Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 0-2 հաշվով ցավալի ու «ոչ պարտադիր» պարտություն կրեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»։
Հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում համառ ու հավասար պայքար էր: Ըստ որում, Հայաստանի չեմպիոնը մի քանի լավ հնարավորություն ունեցավ, սլովենական ակումբն էլ մի քանի սուր պահեր ստեղծեց, սակայն «Արարատ-Արմենիան» կազմակերպված ու, առանց չափազանցության՝ անձնուրաց պաշտպանվում էր: Մի քանի անգամ դարպասապահը փրկեց, ևս մեկ անգամ մեր թիմի պաշտպանը գնդակը «հանեց», ինչպես ասվում է՝ «գծի վրայից»:
Հանդիպման 75-82-րդ րոպեների միջակայքում «Արարատ-Արմենիան» հզոր հարձակողական գործողությունների դիմեց, և թվում էր, թե հանդիպման ելքն ուր որ է՝ կվճռվի: Առնվազն երկու անգամ տանտերերին փրկեց արդեն նրանց դարպասապահը՝ հետ մղելով գրեթե 100 տոկոսանոց հարվածներ:
Բայց դրանից անմիջապես հետո, գործեց ֆուտբոլի չգրված կանոնը. չես խփում դու, խփում են քեզ: Խաղավարտից մի քանի րոպես առաջ «Արարատ-Արմենիայի» խաղացողները, հատկապես՝ պաշտպանները կարծես կորցրեցին կենտրոնացումն ու, որպես հետևանք, մրցակիցը կարողացավ 3 րոպեի ընթացքում երկու անպատասխան գոլ խփել ու, երկու հանդիպումների հանրագումարում, անցավ հաջորդ փուլ:
Այս պարտությունից հետո «Արարատ-Արմենիան» լքեց Չեմպիոնների լիգան, սակայն եվրագավաթներում իր ելույթները չի ավարտում. թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:

