Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան
«Երեկ մենք, կարելի է ասել, ունեցանք մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում ես երբևէ չէի տեսել։ Այսինքն, ԿԸՀ-ն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուն այլևս ունի պատգամավորի կարգավիճակ, և այդ պայմաններում անկախ հանգամանքից իրականացնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն։ Մենք նման դեպք նախկինում չենք ունեցել»,-ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ երեկ արտահերթ նիստում ԿԸՀ-ն սկսել է քննարկել դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Վարդևանյանը հիշեցրեց, որ 2021 թ. հունիսին ՀՀ դատախազության կողմից միջնորդություն էր ներկայացվել ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, երբ արդեն Սահմանադրական դատարանի կողմից հրապարակվել էր որոշումը, ԿԸՀ-ն այդ միջնորդությունը վերադարձրել էր, ճիշտ այնպես, ինչպես 2026-ի հունիսին վերադարձրեց ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը։
«Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդիվ։ Դատախազությունը 2021 թվականին այլևս Իշխան Զաքարյանի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել։ 2026 թվականւին իրավիճակն այլ է։ Նույն դատախազությունն է, բայց ԿԸՀ կողմից վերադարձնելու հաջորդող ժամանակահատվածում կրկին ներկայացնում է միջնորդությունը։ Շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, միջնորդությունը կրկին ներկայացվել է հուլիսի 13-ին։ Դրա բովանդակությունից ակնհայտ է, որ կարծես դատախազությունը ԿԸՀ-ի կաևգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ»,-մանրամասնեց Վարդևանյանը։
Նա նշեց, որ դատախազությունն ակնկալում է՝ ԿԸՀ-ն իր դիրքորոշումը պետք է պարզապես փոխի։
«Ի դեպ, այդպես էլ եղավ, քանի որ ԿԸՀ-ն ոչ թե հենց այդ պահին, առանց բովանդակային քննության վերադարձրեց, այլ սկսեց քննություն իրականացնել։ Այս ամենն ի՞նչ է, հարգելի գործընկերներ։ Սա քաղաքական աբսուրդ է, քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեությանը միջամտելուն։ ԿԸՀ-ն, որ մոտ մեկ ամիս առաջ ուներ այլ դիրքորոշում, այսօր նույն հարցի վերաբերյալ ունի մեկ այլ դիրքորոշում, և դրան նախորդել էր Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

