Պետության անունից իրականացվող ռեկետ. «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից ու հիշեցնում, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
--
Մեր կողմից նկատենք, որ արտաքուստ, իբր, «ամեն ինչ օրինական» է արվում, խնդրեմ ձեզ՝ դատախազություն, դատարան, որոշո՜ւմ...
Իրականում սա օրինականության ձևական քողի ներքո իրականացվող պետական ռեկետ է: Նույնը, ինչ ՀԷՑ-ի դեպքում արվեց: Օրինակ, նույն դատախազությունը երբեք չի գնա Խաչատուր ԲՍուքիասյանի, քպ-ական պաշտոնաթող գեներալ Մելքոնյանի «գույքեի» ետևից, Գուրսեն Արսենյանի, Սամվել Ալեքսանյանի, որևէ այլ սեփականատիրոջ, քանի որ նրանք «վերագնել» են իրենց սեփականության իրավունքը՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի մաս կազմելով կամ՝ նրա հանդեպ լոյալություն պահպանելու պարտավորությամբ:
Ի դեպ, ոչ մեկը չի հարցնում, թե նույն ՀԷՑ-ում, «Արարատցեմենտում» անցած տարիներին որքա՞ն ներդրումներ են արվել:
Թե բա՝ «ապօրինի գույք»...
Կանցնի ժամանակ, չի լինի այս ռեժիմը, և եթե այն ժամանակ մնացած լինի պետություն, ստիպված է լինելու փոխհատուցել սեփականատերերի վնասները:

