ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
«Սահամանադրական դատարանի այսօրվա որոշումը նախորդներից տարբերվում է մեկ ցավոտ, կարևոր հանգամանքով՝ Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն»,- ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Ըստ նրա, սահմանադրական արդարադատության համար առաջնայինը Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիրն էր, որը, ցավոք, չհաղթահարվեց, հենց ՍԴ-ն հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել։
«Այն, որ այս ընտրություններին ընտրախախտումների հետ կապված հանգամանքներն անվիճելի էին, ակնհայտ էր, այն խնդիրները, որոնք մենք ներկայացրել էինք, ակնհայտ էին, հայտնի էին, պարզապես պետք էր իրավական կերպով ճիշտ ամրագրվել։ Ամրագրվեց։ Արդյոք տվեց այն արդյունքը, որը կլիներ արդարության պահանջի բավարարումը։ Ոչ։ Սա խոսում է համակարգային խնդիրների մասին, որը ունենք Հայաստանում»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հարցին՝ քաղաքական ազդեցություն եղե՞լ է Բարձր դատարանի վրա, նա պատասխանեց. «Բարձր դատարանի դատավորներից մեկի հարցադրումները քաղաքական իշխանության խոսույթից էին, հետևությունները թողնում եմ ձեզ»։
Հիշեցնենք՝ ՍԴ-որոշմամբ, ԿԸՀ՝ հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողեց ուժի մեջ, այսպիսով մերժելով հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։

