Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է
Այսօր վաղ առավոտյան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու ավտոմեքենաները խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու հետ կապված վարույթի շրջանակներում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան իր տան խուզարկությանը։
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով են եկել. Ինչ–որ վարույթի շրջանակներում խուզարկություն էին իրականացնում ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու ինչ–որ անհասկանալի բանով։ Բավականին մեծ խմբով շենքը շրջափակել էին։ Ծիծաղելի է այս ամեն ինչը։ Առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ իրավապահներն այսօր առավոտյան ժամը 8–ին մտել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարան և խուզարկություն իրականացրել։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չի հայտնաբերվել, խուզարկել են նաև նրա ավտոմեքենաները։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ չնշելով, թե ինչ վարույթի մասին է խոսքը։

