Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան
«Այսօր իմ ապօրինի կալանավորման 356-րդ օրն է, 10 օրից կլրանա մեկ տարին։ Սքանչելի օրեր էին՝ Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի հետ եղբայրական զրույցների օրեր էին, վերջին 4 ամիսն էլ շփվում եմ 4 հոգու հետ։ Մեծագույն հաճույքով կենտրոնացել եմ իմ հոգևոր, մտավոր, ֆիզիկական բարօրության վրա»,-Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանը շարունակեց. «Ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասել, իրապես սքանչելի օրեր էին, ոչ մի մտահոգություն չունես, հոտդ քեզանից խլված է, իրավունք չունես որևէ հարցով զբաղվել, միայն մտածի աղոթելու, հոգևոր խաղաղության մասին։ Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պետք է հայտնեմ նրանց, ովքեր այդ բանը իրենց նպատակների համար օգտագործելով՝ ստեղծեցին։
Ասելու եմ՝ իրենք պետք է պատասխան տան եթե ոչ օրենքի առաջ, Աստծո առաջ անպայման, որովհետև մեկ տարի է անազատության մեջ եմ լրիվ ապօրինի»։
Սրբազանն ընդգծեց, որ ոչ մի մեղք չի գործել, համաձայն չէ մեղադրանքի ոչ մի կետի, մերժում է բոլոր մեղադրանքները, իրեն մեղավոր չի ճանաչել, չի ճանաչի, «անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև, մնում եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև»։
«Իմ ամբողջ կյանը եղել է նվիրում Հայաստանին, և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։
Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր Հայաստանում բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված բացի մեկից, մեկի անունն էլ չեմ տալիս, թե չէ նրա վրա են կհարուցեն։ Բոլոր եպիսկոպոսները մինչև 2025 թվականը օրինական քաղաքացիներ էին, ներառյալ Վեհափառ Հայրապետը, հանկարծ 2025 թվականը կոլեկտիվ խելագարության մեջ մտան և սկսեցին օրենք խախտել»,- ասացՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Միքայել Սրբազանի խոսքով, գերագույն ստախոսին ենթարկվող ստախոսներ կան՝ գլխավոր դատախազը, ՔԿ պետը, արդարադատության նախարարը, նույնիսկ ՄԻՊ-ը ստախոսներ են։
«Դատեք և վճիռ կայացրեք ըստ ճշմարտության»,- դիմելով դատավորներին՝ ասաց Սրբազանը։

