«Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանն է:
- 2003 թվականին ՍԴ այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանը ձեւավորված հանրային պահանջի արդյունքում բավականին համարձակ որոշում կայացրեց` նախագահական ընտրությունների արդյունքները փաստացի կասկածի տակ դնելով, եւ հանձնարարեց 2004-ին` ընտրություններից 1 տարի անց անցկացնել վստահության հանրաքվե` Ռոբերտ Քոչարյանի հաղթանակի լեգիտիմացման համար, այն պարագայում, երբ Քոչարյանը նախագահ էր դարձել երկու փուլով ընթացած ընտրությունների արդյունքում: Ստացվում է, որ անգամ Ռ. Քոչարյանի իշխանավարման տարիներին Սահմանադրական դատարանը բավականին անկախ է եղել եւ կարողացել է հակառակ գնալ գործող իշխանություններին, ինչը չենք կարող ասել այսօրվա մասին: Եվ այդ պրոցեսները զուգորդվել են փողոցային պայքարի հետ, այդ ճնշումն է նաեւ մղել, որպեսզի ՍԴ-ն ինչ-որ առումով հաշվի նստի օրենքի հետ եւ կայացնի այնպիսի որոշում, որն առնվազն չի լինի իշխանության օգտին: Այժմ չկա փողոցային պայքար, չկա ճնշում, եւ ԿԸՀ-ն բացարձակ ապօրինի որոշում է կայացնում: Իսկ գուցե պատճառն այն է, որ մարդիկ չե՞ն ցանկանում դուրս գալ փողոց, թե՞, այնուամենայնիվ, ընդդիմությունը քայլեր պետք է ձեռնարկի: Փաստացի, ընդդիմադիր զանգվածը փոքրամասնություն չէ` կես միլիոնից ավելի մարդ իր քվեն տվել է ընդդիմադիր ուժերին:
- Շատ լավ օրինակ էր 2003-ի օրինակը, ի հավելում այն քննարկումների, որ այդ տարիներին Հայաստանում գործում էր ավտորիտար ռեժիմ, որը նաեւ արյունարբու էր եւ այլն: Քաղաքական ենթատեքստի առումով գուցե քչերը հասկանան, սակայն Քոչարյանը ո՛չ 2003-ին, ո՛չ էլ 1998-ին առաջին փուլով չէ, որ ընտրվել է նախագահ: Սա շատ կարեւոր քաղաքական նրբերանգ է, եւ հենց այդ տարիներին է, որ մենք ունեցել ենք իրական կոալիցիա, այլ ոչ թե՝ ձեւական: Կոալիցիան ուներ նպատակ՝ ոլորտային առումով բաժանելու պատասխանատվությունը: Վերադառնալով ներկայիս անամոթ բարքերին, տրամաբանությունը հուշում է, որ առանց փողոցային պայքարի ու ճնշման, առանց հանրային պարսավանքի դժվար է պետական ապարատին ինչ-որ բան հասկացնելը, այն էլ` նման իշխանության պարագայում, որն ունի ձգտումներ՝ տոտալիտար համակարգ ձեւավորելու: Թե ինչու ընդդիմադիրները չեն սկսում փողոցային պայքար, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Մենք ունենք խորհրդարան անցած խմբակցություններ, ունենք ուժ, որը գրեթե հաղթահարել էր խորհրդարան անցնելու շեմը: Հայտարարությունների առումով նրանք՝ բոլորն ասում են, որ քննարկումների փուլում են եւ այլն, սակայն նրանք չեն ասում, թե ինչու մինչ այս պահը չեն ձեռնարկել փողոցային պայքարը: Լիբերալ արժեքներով դաստիարակված հասարակությունները չեն սիրում նման ձեւակերպումներ, սակայն Լենինը մի խոսք ուներ` «հեղափոխական պահ»: Ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը հեղափոխական պահը կորցրեց, կորցրեց հունիսի 8-ի գիշերը` ժամը 01-04-ը: Եթե կարողանան այդ պահը վերակենդանացնել, գուցե այլ լինի, չգիտեմ:
- Բայց, օրինակ, Սամվել Կարապետյանի թիմից հայտարարեցին, որ եթե փողոցային պայքար սկսեն, իշխանությունը սադրանքների կդիմի, զոհեր կարող են լինել, արդյունքում լավ վերջաբան չի ունենա այդ ամենը, եւ հենց այդ պատճառով չեն սկսում փողոցային պայքար: Ճիշտ է՝ թիմի մեկ ներկայացուցիչ է դա ասել:
- Սամվել Կարապետյանն էլ դրանից օրեր առաջ այլ բան էր ասում, ասում էր, որ կգնան այն ճանապարհով, որով հնարավոր է արագ ազատվել Նիկոլ Փաշինյանից: Ասում էր, որ եթե ճիշտ այդ պահին լինի խորհրդարան գնալը, ապա կգնանք, եթե ճիշտն այլ բան է, կանենք այլ բան: Իրականում խնդիրը հետեւյալն է` քաղաքականությունը, անկախ այն բանից, թե խոսքը հետամնաց կամ զարգացած երկրի մասին է, քաղաքական պրոյեկտների պայքար է: Եթե ընդդիմությունն ունի քաղաքական պրոյեկտ, որը երկարաժամկետ է կամ միջնաժամկետ, ապա իրենք պետք է պլանավորեն, թե ինչ պետք է անեն մանդատների հետ, կամ երբ սկսել փողոցային պայքարը: Ցանկացած պարագայում ժողովրդի հետ պետք է անկեղծ լինեն: Եթե առանց պլանների ուզում ես ուղղակի վերցնել մանդատները, կամ շոգ է` հավես չունես փողոց դուրս գալու, ստացվում է, որ այս ամենը դառնում է անլուրջ: Խնդիրը քաղաքական պրոյեկտի լինել-չլինելու մեջ է:
- Այս ամենի ֆոնին Փաշինյանը հերթական անգամ սպառնում է, որ թավիշն ավարտվում է, եւ երեք ընդդիմադիր առաջնորդներին բանտարկելու է: Ստացվում է, որ ինչքան պայքարի ալիքը նվազում է, այդքան ավելի շատ է իշխանությունը լկտիանում:
- Այս ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ: Ալեն Սիմոնյանը մի գրառում էր արել այն մասին, որ այժմ 2021-ի համեմատ ավելի շատ քվեներ են ստացել, բայց այս տրամաբանությամբ ընդդիմությունն էլ է ավելի շատ ձայներ ստացել, քան 2021-ին: Մոտ հինգ անգամ ավելի շատ քվե են ստացել ընդդիմադիրները: Այս ընտրությունների ամենաառանցքային կողմն այն է, որ Փաշինյանն իր ծրագրերով ոչ լեգիտիմ է: Նրան հասարակության մեծ մասը չի աջակցում:

