Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան
«Այն դեպքում, երբ դեպքի վերաբերյալ առկա է եղել օբյեկտիվ ապացույց՝ տեսագրություն, ինչու առաջին ատյանի դատարանն անձնային ապացույցները, ցուցմունքները չի համադրել այդ տեսագրության հետ։ Սա է ամբողջ վերաքննիչ բողոքի թիրախն ու առանցքը»,-Վերաքննիչ դատարանում Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստի ժամանակ ասաց պաշտպան Գայանե Պապոյանը։
Նա նշեց, որ ապացույցները պետք է մեկնաբանվեն ոչ թե առանձին-առանձին, այլ մեկը մյուսի հետ համադրելով։
«Հիմա երբ թերթում ենք առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանական մասը, միայն անձնային ցուցմունքների մեկնաբանություններ են, գեթ մեկ նախադասություն առկա չէ անձնային ապացույցները տեսագրության հետ համադրելու մասով»,- ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ երբ քիչ առաջ հետազոտվեց տեսագրությունը, տեսան՝ Դավթի Համարձումյանը ծեծկռտուքի մասնակից չի լինում։
Գայանե Պապոյանը հայտարարեց, որ Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի։
«Միայն առաջին ատյանի դատարանի դատավաճռով պատժի մասով, պարզ է դառնում, որ կայացվել է անօրինական դատական ակտ»,- ասաց փաստաբանը։
Ըստ մեղադրական եզրակացության. «Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով»։

