Իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին. Քաղտեխնոլոգը՝ քարոզարշավի արմատական փոփոխությունների մասին
«Վերջին օրերին բավականին հետաքրքիր զարգացումներ եղան, շատ դեպքերում արմատական փոփոխություններ տեղի ունեցան կարճ ժամանակահատվածում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ գնահատելով նախընտրական քարոզարշավի ընթացքը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ, այդ փոփոխությունների հետևանքով իշխող քաղաքական ուժն այլևս չունի սահմանադրական ձևով իշխանությունը պահելու հնարավորություն։
«Երեք հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը կոտրեցին նախընտրական քարոզարշավն իշխանությունների համար ցանկալի ձևով առաջ տանելու այդ ծրագիրը, այն նախագիծը, որն առաջարկում էր իշխող ուժը, չաշխատեց, կոտրեցին, դրա համար է վարչապետը որոշ դեպքերում ոչ ադեկվատ վարք դրսևորում։ Այդ երեք ուժերն իրականացրեցին տեխնոլոգիական լավ գործընթաց, մասնագիտական գործողություններ, ինչ արդյունքում կարողացան կոտրել նախընտրական սցենարը։ Դա արդեն նկատելի է, այն տեղի ունեցավ 2-3 օր առաջ»,-ասաց նա։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ, այժմ իշխող ուժը չի կարողանա սցենարը վերականգնել, ոչ էլ նոր սցենար կարող են մշակել։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընտրական գործընթացի մասնակիցների հասցեին հնչած մեղադրանքներին, սպառնալիքներին, նրանց մասին տարատեսակ տեղեկությունների տարածմանը՝ Արմեն Բադալյանն ասաց, դրանք իշխող ուժի զինանոցի վերջին գործիքները չեն, հունիսի 7-ին փորձ է արվելու ընտրական հանձնաժողովների միջոցով ցանկալի արդյունք արձանագրել։
«Ուրիշ էլ ոչ մի տարբերակ չունի «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ 50 տոկոսից ավելի ձայներ հավաքելու համար, նրա սցենարը կոտրվեց, Փաշինյանը հասկացավ, թե ինչ եղավ, նա հասկացավ, որ իր խաղաղություն-պատերազմ սցենարը չաշխատեց, իրենից հոգնեցին նաև, քանի որ անցած տարվա օգոստոսի 8-ից սկսեց քարոզարշավը, այնքան արագ իրականացրեց, որ մայիսի սկզբին արդեն մարդիկ հոգնել էին։ Հիմա Փաշինյանն այլ տարբերակ չունի, քան ընտրական հանձնաժողովների միջոցով հունիսի 7-ին իր համար ցանկալի արդյունք փորձել ստանալն է։ Այս պահի դրությամբ, խիստ կասկածելի է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը, նա ունեցած վարկանիշը չկարողացավ զարգացնել, նրա սցենարը կոտրեցին, ջարդեցին»,-ասաց քաղտեխնոլոգը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։

