Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 4-րդ համար, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այս մասին գրում է 24News-ը հղում անելով ԿԸՀ պաշտոնական կայքին։
Սուրեն Պապիկյանը համատեղ սեփականության 3 հողամաս է հայտարարագրել Լոռու մարզում՝ 0․159 հա, 0․657 հա և 0․687 հա մակերերեսներով։ Պապիկյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևանում միանձնյա և համատեղ սեփականության։ Համապատասխանաբար՝ 86․33 քմ և 169 քմ մակերեսներով։ Նա հայտարարագրել է ավտոկայանատեղի Երևանում 44․2 քմ մակերոսով՝ համատեղ սեփականությամբ։
Պաշտպանության նախարարը շարժական և թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Նա նշել է եկամտի երեք աղբյուր։ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել է 29 537 401 դրամ, վարձակալությունից ստացել է 6 միլիոն դրամ, Ֆինանսների նախարարությունից որպես եկամտահարկի վերադարձ ստացել է 1 706 137 դրամ։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սուրեն Պապիկյանը ունեցել է 15 միլիոն 603 հազար 490 դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 30 հազար 156 եվրո։

