Ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն. Մարգարիտա Սիմոնյան
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն և շուտով պետք է վիրահատվի։
«Ես պետք է ճշմարտությունն ասեմ և քաջալերեմ նրանց, ովքեր նույն ճշմարտության միջով են անցնում։ ...Այս շաբաթ ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն։ Վաղը իմ այստեղն են վիրահատելու՝ այս շքանշանի տակ», - ասել է նա՝ մատնացույց անելով արքայադուստր Օլգայի եկեղեցական շքանշանը, որը նրան մեկ օր առաջ շնորհել էր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
Սիմոնյանը նշել է, որ չնայած առողջական վիճակին՝ ինքը եթեր է դուրս եկել՝ աջակցելու այն ընտանիքներին, որոնց սիրելիները ներկայում ռազմաճակատում են։ Նա նաև հիշեցրել է, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, արդեն 9 ամիս է՝ կոմայի մեջ է։
«Ինչպես ասում ենք Ռուսաստանում՝ երբ դժվարություն է լինում, բացեք դարպասները։ Մեր տան դարպասները ոչ միայն չեն կողպվում, այլև, իմ կարծիքով, արդեն քշվել են այս ճակատագրի քամուց», - հավելել է Սիմոնյանը։

