Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում. Նիկոլ Փաշինյան
2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը: Վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունը ու բարգավաճումը խթանելու նպատակով:
Այդ ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ ՀՀ-ի համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով: Ուշադրություն դարձրեք՝ ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»,- նշեց Փաշինյանը:
Նա ասաց՝ հռչակագրում արձանագրվել է, որ ՀՀ-ն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ ՀՀ-ի տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով: «Ընդ որում, ընդգծվեց մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարվորինս արագ կերպով հասնելու համար:
Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք նաև անցյալի հակամարտությամբ չկանխորոշված ՄԱԿ կանոնդարությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան Պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը: Հռչակեցինք, որ մարդկային անասելի տառապանքները պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելոիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելոիւթյան սկզբունքների վրա: Արձանագրեցինք, որ այս իրողությունը որը ենթակա չէ և չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար:
Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

