Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ Սիրիայի կառավարությունն օգնության խնդրանքով պաշտոնապես դիմել է Թուրքիային։ Օգնությունը մասնավորապես վերաբերում է ռազմական կարողունակությունների մեծացմանն ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին: «Համաձայն այդ խնդրանքի՝ մենք շարունակում ենք աշխատանքները՝ ապահովելու կրթական, խորհրդատվական և տեխնիկական աջակցություն Սիրիայի ռազմապաշտպանական կարողունակությունները բարձրացնելու նպատակով»,- հայտնել են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ից Իսրայելի սահմանին մոտ Սիրիայի Սուվեյդա քաղաքում բախումներ էին սկսվել դրուզների և բեդվինների միջև: Բախումներին ավելի ուշ միջամտել էր Իսրայելը՝ հուլիսի 16-ին օդային հարվածներ հասցնելով Դամասկոսին: Թիրախավորվել էին Սիրիայի պաշտպանության նախարարության շենքն ու նախագահական նստավայրը:
Իսրայելական կողմը բախումների միջամտությունը որակում է որպես դրուզ փոքրամասնությանը պաշտպանելու նախաձեռնություն:

