Թրամփը որոշեց, որ իր գլխավոր դաշնակիցը Միջին Արևելքում ո՛չ Թուրքիան է, ո՛չ էլ Իսրայելը, այլ ...

Այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է գտնվում ռուս-ուկրաինական բանակցային գործնթացը, որն ընթանում է Ստամբուլում: Սակայն ոչ պակաս կարևոր դարձավ նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այցը Միջին Արևելք, որտեղ նա իր այցելության երկրների շարքում էր ընտրել էր երեք արաբական պետություն. Սաուդյան Արաբիան, Քաթարը և Միացյալ Արաբական Էմիրությունները:
Սակայն այդ շարքում բացակայում էին Իսրայելն ու Թուրքիան, որոնք ավանդաբար, միշտ համարվել են ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները:
Ի՞նչն էր պատճատը, որ Թրամփը գնաց նման քայլի: Շատերը նշում են ԱՄՆ-ի ներկայիս նախագահի գործարքային մտածողությունը, ով տնտեսական շահերը գերադասելի է համարում քաղաքական շահերից:
Ըստ եվրոպական և ամերիկյան դիտորդների, Թրամփի գլխավոր խնդիրն այսօր ամերիկյան տնտեսության աշխուժացումն է, ինչին, նրա կարծիքով, խանգարում են ավելորդ քաղաքականացված պատկերացումները:
Օրինակ, Սիրիայի հարցում կա լրջագույն հակասություն Թուրքիայի և Իսրայելի միջև, թե ով պիտի գերակա դեր կատարի այդ երկրում:
Թուրքիան փորձում է Սիրիայում իր նեոօսմանյան երազանքները կյանքի կոչել, ինչը բացասական է ընկալվում, թե՛ արաբական աշխարում, և թե՛ Իսրայելում:
Վերջինս էլ, իր հերթին, ցանկանում է իր ազդեցությունը մեծացնել Սիրիայում՝ փորձելով աջակցել այդ երկրի ազգային և կրոնական փոքրամասնություններին: Իսրայելի այս ծրագրերն էլ, իր հերթին, դուր չեն գալիս ո՛չ Թուրքիային, ո՛չ արաբական ծոցի երկրներին:
Թե՛ Թուրքիան, և թե՛ Իսրայելը հույս ունեին, որ Թրամփն իրենց կողմը կթեքվեր: Սակայն պարզվեց, որ Թրամփը որոշեց մերժել, և՛ Թուրքիային, և՛ Իսրայելին:
Իր ներկայիս այցով նա ցույց տվեց, որ այսուհետ նա իր գլխավոր դաշնակիցն է համարում Սաուդյան Արաբիան:
Նախ, Թրամփն այդ երկրի հետ կնքեց 142 մլրդ դոլարի զենքի մատակարարման պայմանագիր: Բացի դրանից, այդ երկրից ԱՄՆ-ի տնտեսության մեջ մի քանի հարյուր միլիարդ դոլարի հասնող ներդրումներ ներգրավելու մասին խոսվեց:
Դրա դիմաց Թրամփը ողջ աշխարի առջև հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի խնդրանքով կհանի բոլոր ամերիկյան պատժամիջոցները Սիրիայից:
Իսկ մինչ այդ, Սաուդյան Արաբիայի առաջնորդ Բեն Սալմանի խնդրանքով Թրամփը նույնիսկ հանդիպեց Սիրիայի ներկայիս առաջնորդի հետ:
Թրամփը հրապարակավ ցույց տվեց, որ Սաուդյան Արաբիայի խնդրանքով ինքը դրական վերաբերմունք կունենա ներկայիս Սիրիայի իշխանություններին՝ դուրս թողնելով Թուրքիայի գործոնի կարևորությունն այդ երկրում: Միաժամանակ, նաև, հենց Սաուդյան Արաբիայում հայտարարեց, որ մերժում է Իսրայելի ծրագրերը Գազայում:
Իսկ Քաթար այցի ընթացքում Թրամփին հաջողվեց կնքել աստղաբաշխական, 1.2 տրիլիոն դոլարի համաձայնագիր:
Ընդանուր առմամբ, ծոցի երկրների այցի ընթացքում Թրամփը կնքեց ավելի քան 2.5 տրլն դոլարի համաձայնագրեր, ինչը աննախադեպ է ամերիկյան ողջ պատմության մեջ:
Գործարքների տրամաբանությամբ մտածող Թրամփի համար այս գործաքները դարձան նաև իր աշխարհաքաղաքական ուղենիշի տնտեսական հենքը:
Արդյունքում պարզվեց, որ Իսրայելն ու Թուրքիան, ոչ թե պիտի ավելորդ ամբիցիաներով հանդես գան, այլ բավարարվեն իրենց իրական հնարավորություններով:
Զուգահեռաբար, դիտորդները բարձր են գնահատում նաև ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները և, եթե դրանք էլ ավարտվեն հաջողությամբ, ապա կարելի կլինի նշել, որ ամբողջ միջին արևելյան քաղաքական ներկապնակը կարող է փոփոխվել արմատական ձևով:
Հասկանալի է, որ այդ համատեքստում Թրամփը հաշվի է առնելու նաև Թուրքիայի և Իսրայելի շահերը:
Սակայն դրանք, ըստ Թրամփի, չպիտի լինեն չափից ավելի մեծ և պիտի բավարարեն լոկ իրենց տեղային շահերը միայն:
Այսպիսով Թրամփին այս այցով հաջողվեց ոչ միայն լրացուցիչ ռեսուրսներ ի հայտ բերել ամերիկյան տնտեսության համար, այլև հանդես գալ այնպիսի քաղաքական բանաձևով, որը կհամապատասխանի տարածաշրջանի երկրների պոտենցիալ հնարավորություններին:
Սակայն մի բան է պլանավորել, մեկ այլ բան է՝ փորձել այն կյանքի կոչել:
Այդ տեսանկյունից, ինչքանով Թրամփին կհաջողվի կյանքի կոչել իր ծրագրերը այս տարածաշրջանում, ցույց կտա կյանքը:
Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա այդ ծրագրերի իրականացումը դրական ազդեցություն կարող է ունենալ նաև մեզ համար:
Օրինակ, եթե Սիրիայում ավելի մեծ լինի Սաուդյան Արաբիայի, այլ ոչ թե Թուրքիայի ազդեցությունը, դա շահավետ է նաև մեզ համար: Քանզի այդ քայլով կզսպվեն Թուրքիայի կայսերական կրքերը, որոնք վտանգավոր են նաև Հայաստանի համար:
Օրինակ, եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունքով ավարտվեն, ապա դա ուղղակի դրականորեն կազդի նաև Հայաստանի վրա:
Կմեծացնի Հայաստանի արտաքին քաղաքականության մանևրելու լյուֆտը, էլ չասենք, որ վերջնականապես կվերացնի Ադրբեջանի նկրտումները Սյունիքի ուղղությամբ:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

