Հենց այս հաղթանակներով ենք մենք հզոր ու կանգուն. Գագիկ Ծառուկյան
«Ջերմորեն շնորհավորում եմ մեր մարմնամարզիկներին, որոնք Գերմանիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներ արձանագրեցին»,-գրում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշում է՝ սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին:
«Իսկ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն և աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ Արթուրին ու նրա մարզիչներին:
Ուրախ եմ և հպարտ, որ մեր մարզիկները շարունակում են Ալբերտ Ազարյանից, Հրանտ Շահինյանից մեզ ժառանգություն մնացած հաղթական ավանդույթները: Հենց այս հաղթանակներով ենք մենք հզոր ու կանգուն...»,-գրել է Ծառուկյանը։