Նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը նոյեմբերի 6-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)
փոխնախագահ Ժանգ Վենկայի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձավ ԱԶԲ ֆինանսավորմամբ
Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին։
Քննարկվեցին Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի
աշխատանքների ընթացքի հետ կապված մի շարք հարցեր։
Վահան Մարտիրոսյանը Ժանգ Վենկային ներկայացրեց իր դիտարկումները՝ կապված
չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից Թալին-Լանջիկ,
Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների
հետ։ Նա ընդգծեց, որ ցանկացած թերացում անընդունելի է, և ճանապարհը պետք է
կառուցվի բարձր որակով։
ԱԶԲ փոխնախագահը, ծանոթանալով խնդրի մանրամասներին, նշեց, որ իրենք ևս
միջոցներ կձեռնարկեն դրանց լուծում տալու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Աշտարակ-Թալին հատվածում
իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների
ընթացքին։
Քննարկվեցին նաև Մ-6 Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական
մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման նախագծերի ժամկետների և որակի հետ
կապված մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձան տարածաշրջանային ճանապարհային միջանցքների
շինարարության, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող
ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին
աջակցելու այդ ծրագրերին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

