Հիմնական բեռը հավաքագրվում է 150 000 դրամ աշխատավարձ ստացողներից, ինչը խնդրահարույց է. Վարդան Արամյան
Եկամտային հարկի բեռի ավելացում համընդհանուր տեսանկյունից չկա. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում ընթացող «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ըստ նրա` կա վերաբաշխման խնդիր: «Գործիքները տրվել են այնպես, որպեսզի ավելի լավ ծառայի` բարձր ու միջին եկամուտ ունեցող բիզնեսից եկամտային հարկ վերցնելով, ոչ թե ցածրից»,-ասաց նա:
Արամյանը նշեց, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հիմնական բեռը հավաքագրվում է 150 000 դրամ ծավալով աշխատավարձ ստացող մարդկանցից, ինչը խնդրահարույց է:
«Դուրս է գալիս, որ ընդհանուր հասարակության վրա բեռի բարձրացում չի լինելու, բայց հասարակության տարբեր շերտերի մեջ վերաբաշխում կլինի՝ հօգուտ ավելի ցածր եկամուտ ունեցող հասարակության անդամների»,-ասաց նա:

