Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Mitsubishi Canter մակնիշի 723 OC 61 համարանիշի բեռնատարը, Opel մակնիշի 34 AM 182 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 NT 508 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

