Հայաստանը և Ռուսաստանը որոշել են միասնական ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը. Մամուլ
Հայաստանը և Ռուսաստանը որոշել են Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում գործող զինվորականների կազմը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին:
«Որոշվել է զորքերի ցանկը, որը Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը կհատկացնեն Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգին», - ասել է Կուրաչենկոն օդային պաշտպանության համակարգող հանձնաժողովի նիստում:
Կուրաչենկոն ընդգծել է, որ արդեն մեկնարկել է փաստաթղթերի մշակումը, որոնց շնորհիվ կիրականացվի երկրների միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը:
Հայտնի է, որ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են համապատասխան փաստաթուղթը, իսկ 2016 թվականին Պետդուման վավերացրել է այն:
Աղբյուրը` Tert.am

