Շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 14 մեղադրյալների գործով դատական նիստը (տեսանյութ)
Երկշաբաթյա ընդմիջումից հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 14 մեղադրյալների գործով դատական նիստը։ Հաղորդում է «Ազատություն»-ը:
Նիստը հետաձգվել էր դատարանում տեղի ունեցած միջադեպի պատճառով՝ ամբաստանյալներից Արայիկ Կյուրեղյանը փորձել էր փաստաբաններից մեկին գրություն հանձնել, ոստիկաններն արգելել էին, դատավորը դահլիճից հեռացրեց Արայիկ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին և ընդմիջում հայտարարեց։
Ավելի ուշ փաստաբանները հայտարարեցին, որ դատարանի խցում ծեծի են ենթարկվել Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյան և Գագիկ Եղիազարյանը։ Այդ դեպքից հետո դատական նիստ տեղի չի ունեցել։
Ծեծի դեպքով հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային գնդի (ՊՊԾ) տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այդ դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել:
Մանրամասները՝ «Ազատության» ուղիղ եթերում

