Շղթայական ավտովթար Մաշտոցի պողոտայում. կան տուժածներ (ֆոտոշարք)
Մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել են «Nissan Skyline» մակնիշի 77 XX 778 (վարորդ՝ 1994 թ. ծնված Օ. Ե.), «ՎԱԶ-21099» մակնիշի 35 FU 176 (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 35 CR 809 (վարորդ՝ 1993 թ. ծնված Շ. Վ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: «ՎԱԶ-21099»-ի վարորդը և երկու ուղևորներ՝ 1995 թ. ծնված Մ. Մ.-ը և 1994 թ. ծնված Գ. Ղ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օ. Ե.-ը և Գ. Ղ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ Մ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները:

