Հայաստանի և Ռուսաստանի միջև չլուծվող հարցեր չկան. մանրամասներ Փաշինյան-Պուտին հանդիպումից Կրեմլում (տեսանյութ)
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հետևողականորեն զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա կապերը դարեր ի վեր հատուկ բնույթ են կրում:
-Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հետևողականորեն զարգանում են բոլոր ուղղություններով, դա վերաբերվում է քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը, - ասաց Պուտինը:
Փաշինյանը նույնպես ընդգծեց պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև առկա հարաբերությունների հատուկ բնույթը:
-Չնայած թե հայկական, թե ռուսական մամուլում և սոցիալական կայքերում առկա որոշակի վատատեսությանը, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ ու բնականոն, - ասաց ՀՀ վարչապետը, կարևոր խնդիր նշելով՝ երկկողմանի կապերի ողջ ներուժի բացահայտումը:
Փաշինյանը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև "չլուծվող հարցեր չկան":
Zham.am